Ներքին 2 տարի առաջ - 12:39 22-05-2024

Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած Շառլ Ազնավուրի թոռնիկն ինձ համար դարակազմիկ խորհրդանիշ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:

Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ նրանք, ովքեր երաժշտության սիրահար չեն, գիտեն Շառլ Ազնավուրին` որպես մեծ հայի, որպես մարդու, ով իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Նա Հայաստանի Ազգային հերոս է` Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար, բայց նա նաև համամարդկային հերոս է, ով իր արվեստի շուրջ համախմբել է մարդկությանը` սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում:

Շառլ Ազնավուրն ինքն է իրեն ստեղծել` լինելով աննկարագրելի աշխատասիրության տեր մարդ, ով կարողացել է իր տաղանդը զարգացնելով դարձնել համամարդկային արժեք, ստեղծել երաժշտական մի ձեռագիր, որն անկրկնելի է: Կես դարից ավելի լինել և մնալ համաշխարհային արվեստի երկնակամարում, պահանջված լինել բոլոր առաջատար բեմերում կարող էր միայն այն մարդը, ով ասելիք ունի աշխարհին, և Շառլ Ազնավուրն այդ ասելիքն ասաց լիարժեք և անմնացորդ, և այդ ասելիքն առաջին հերթին սիրո մասին է:

Այդ ասելիքը դեռ երկար կապրի, այդ ասելիքը դեռ կոգեշնչի միլիոնավոր երկրպագուների և այդ ասելիքը պետք է ոգեշնչի մեզ, որովհետև Շառլ Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի Հանրապետության ցավերով, ուրախանում և ցնծում ձեռքբերումներով:

Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ` նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց, և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը, այսպիսով, թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո: Այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և սա առավել քան խորհրդանշական է: Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը` փոքրիկ Միսակն ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է` ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձն է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան