Ներքին 2 տարի առաջ - 21:34 03-04-2024

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:

Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը:

Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ բանաձևը հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում:

Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով: Կոչ է արվում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի մասնակցությունը միջոցառմանը:

Հայաստանի այս նախաձեռնությունը կարևոր ներդրումն է ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, ժամանակակից մարտահրավերներին իրավունքակենտրոն մոտեցումներ առաջադրելու, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խաչվող խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»