Ներքին 2 տարի առաջ - 14:20 11-03-2024

Օկուպացված Արցախում Ալիևն «ավելորդ» հայերի կարիք չունի

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության (AzQAC) աշխատակիցները սկսել են այցելել «Խանքենդի» (չակերտները մերն են – խմբ․) քաղաքի և նրա շրջակայքի՝ հայկական ծագում ունեցող բնակիչներին», հայտնել է ադրբեջանական մամուլը, ով նաև մեջբերել է AzQAC-ի փոխնախագահ Գաֆար Ասկերզադեին․ «Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները շփվում են Խանքենդիի հայ բնակիչների հետ՝ նրանց բերելով սնունդ և հիգիենայի պարագաներ։ Մեր դիտարկումներն ու հարցումները հիմք են տալիս պնդելու, որ ադրբեջանական պետությունը այդ քաղաքացիներին ամբողջությամբ տրամադրում է սնունդ, հագուստ և բժշկական օգնություն, այսինքն՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն նորմալ կյանքի համար։ Նրանցից ոչ մեկին ոչինչ պետք չէ»։

Ադրբեջանցի պաշտոնյան, փաստորեն, արդարանում է հնարավոր մեղադրանքների հնչեցման դեպքում։ Այսինքն, ինչ-որ մեկը կարող է, չէ՞, հարցնել՝ եթե Ադրբեջանը հոգում է հայազգի բնակիչների բոլոր կարիքները, էլ ինչու՞ է Կարմիր Մահիկը նրանց այցելում։ «Կանխազգալով» նման մի բան՝ Ասկերզադեն պարզաբանում է․ «Մենք ուղղակի հաճախում ենք այնտեղ՝ կազմակերպության առաքելությանը և մանդատին համապատասխան»։

Իրականում, «Խանքենդի» դարձած Ստեփանակերտում քանի հայ է մնացել՝ դժվար է ասել։ Տարբեր հաշվարկներով, նրանց թիվը տատանվում է 20-40-ի միջև։ Հայտնի է, որ նրանց պահում են «կենտրոնացած»՝ Ստեփանակերտում գտնվող առանձնատներից մեկում։ Հիմնականում այդ մարդիկ մեկուսացված կյանք են վարում, ժամանակ առ ժամանակ նրանց նկարահանելու համար այցելում են նույն Կարմիր Մահիկի կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական զորախմբի ծառայողներ։

Թե ինչով և ինչքանով են Ստեփանակերտում գտնվող հայերն «ապահովված»՝ դժվար է կռահել, սակայն ըստ ամենայնի, նրանք բողոքի կամ գանգատի ոչ մի հնարավորություն չունեն, և մեծ հարց է՝ ցուցադրված տեսանյութերում նրանց նկարահանելուց առաջ ահաբեկման ի՛նչ միջոցներ են կիրառել, որ «ցանկալի էֆեկտով» տեսանյութ ստեղծեն։ Այսպես, թե այնպես, այդ մարդկանց կողմից ոչ մի «անակնկալ» Ալիևը չի հանդուրժի, էլ չխոսենք «ավելորդ բերաններ» ընդունելու և կերակրելու անհրաժեշտությունից ձերբազատվելուց։

Համենայն դեպս, որպեսզի ապահովագրվի բոլոր հնարավոր տհաճ սյուրպրիզներից, Ալիևը հրահանգել է շտապ ու համապարփակ ոչնչացնել Արցախի հայկական ինքնության վկայությունները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը