Ներքին 2 տարի առաջ - 18:15 14-02-2024

Քննարկվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր մշակվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային առաջատար տնտեսագետ, փոխտնօրեն Դիմիտար Բոգովի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել են Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալները կարևորել են երկու կառույցների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը։

Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, հարկադիր կատարողական ոլորտների բարեփոխումների օրակարգը և դրանց զարգացմանն ուղղված օրենսդրական մեխանիզմները՝ երկրի ներդրումային վստահելիության մթնոլորտի տեսանկյունից:

Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն ոլորտների նշանակալի բարեփոխումները, ռազմավարական առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել դատարանների հասանելության և դատական համակարգի բեռնաթափման նպատակով իրականացվող քայլերին՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների խթանմանը, հաշտարարությանը ենթակա պարտադիր գործերի առանձնացմանը, վճարման կարգադրություններով գործերի նոտարական ծառայության տիրույթ փոխադրմանը և թվային լուծումների ներդրմանը: Կողմերը քննարկել են նաև քաղաքացիական ծառայությունում և դատաիրավական համակարգում գործող բարեվարքության համակարգի, ինչպես նաև գործարար բարեվարքության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել են նաև սնանկության ոլորտի և սնանկության ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլերը:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է հարկադիր կատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգը։ Քննարկվել է դեռևս 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր մշակվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը և դրա կարգավորումներն՝ ուղված կատարողական վարույթների արդյունավետությանը և գանձումների գործընթացների լավարկմանը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի վերաբերյալ ռազմավարության նախագծի պատրաստումից հետո կրկին ունենալ աշխատանքային քննարկումներ։

ՎԶԵԲ-ը մեկնարկում է Հայաստանի հետ համագործակցության նոր հնգամյա ռազմավարության նախապատրաստումը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ