Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 28-12-2023

Առանց Քոչարյանի դիմումի՝ քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ոչ արդարացնող հիմքով։ Դատարանի կողմից նման որոշման պատճառ է դարձել այն հանգամանքը, որ գործի վաղեմության ժամկետը լրացել է։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Այս գործով դեռևս մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները քիչ հավանական էին համարել, որ Քոչարյանը որոշի չառարկել դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։

Oragir.News-ը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեց, թե արդյոք վաղեմության ժամկետը խնդիր չէ՞, որի միջոցով բազմաթիվ քրեական գործերի շրջանակներում մեղավորներին հնարավոր չի լինում պատասխանատվության ենթարկել և արդյոք անհրաժե՞շտ է այն երկարացնել։

Փաստաբանը նշեց, որ վաղեմության ժամկետը շատ ճշգրիտ սահմանված ժամկետ է, պարզապես օրենքը սահմանում է, որ այն հոդվածների դեպքում, որոնցով նախատեսվում է ցմահ ազատազրկում, վաղեմության ժամկետի կիրառությունը պետք է քննարկվի։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է ոչ թե մեղադրական, այլ ոչ արդարացնող հիմքով։ «Նման որոշման դեպքում Քոչարյանը, կոպիտ ասած, դատախազ ու միլպետ չի կարող աշխատել»,- նշեց նա։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետագայում կարո՞ղ են բողոքարկել, որ հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ չեն կարող։ Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ վաղեմության ժամկետն, առանց Ռոբերտ Քոչարյանի դիմումի, չէր կարող կիրառվել, ինչի մասին բոլորը լռում են։

«Այդ որոշումը դատարանը չի կայացրել, Քոչարյանը դիմում է գրել, որ նման միջոց կիրառվի։ Ընդ որում նա այդ դիմումը պետք է անձամբ գրի, ոչ թե փաստաբանի միջոցով։ Սա այն առանցքն է, որի մասին բոլորը լռում են, ասում են Դանիբեկյանը վատն է, Պողոսը վատն է և այլն։ Ես պնդում եմ՝ այս մարդը դիմում է գրել, ուշադիր նայեք, առանց իր դիմումի սա չէր կարող լինել»,- նկատեց նա։

Ալեքսանդր Սիրունյանը հավելեց, որ եթե Քոչարյանը դեմ լիներ վաղեմության ժամկետի կիրառմանը, նույնիսկ տարիներ անց դատարանը կարող էր մեղադրական վճիռ կայացնել, սակայն պատժից ազատել՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Նա կրկին պնդեց, որ եթե դատարանն է որոշում կայացրել գործը կառճել, ուստի միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանը դիմում է գրել։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան