Ներքին 2 տարի առաջ - 10:15 26-12-2023

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս:

Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19):

Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից:

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:

Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր:

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Ս. Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»