Ներքին 2 տարի առաջ - 19:48 05-12-2023

Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին:

Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ Նա արձանագրել է, որ գենդերային հիմքով բռնությունը և ընտանիքում բռնությունը բռնության առանձնահատուկ տեսակներ են, հետևաբար՝ դրանց հասցեավորումն ու պայքարը ևս ենթադրում են առանձնահատուկ մեթոդաբանություն:

Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել ոչ խտրական և հանդուրժող միջավայր և հասարակություն ձևավորելու ուղղությամբ: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեպքերի առնչությամբ բողոքներ մշտապես են ստացվում: 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմում ստացվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչները»,- բացման խոսքում ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։ Այս խնդիրների հասցեավորման ու լուծման գործում կարևորելով Խորհրդի դերը` Անահիտ Մանասյանը նշել է, որ այն յուրօրինակ կամուրջ է պետության և քաղաքացիական հասարակության միջև:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը: Նրանք ևս կարևորել են Խորհրդի դերը կանանց իրավազորման, նրանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։ Նիստի շրջանակում անցկացվել են քննարկումներ՝ «Ընտանիքում բռնության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը. արձանագրված խնդիրներն ու արդի մարտահրավերները» և «Սեռական ոտնձգությունն աշխատավայրում և ուսումնական հաստատություններում» թեմաներով: Մասնավորապես՝ նշվել են ընտանիքում բռնության և գենդերային հիմքով բռնության, սեռական ոտնձգության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ոլորտային բացերն ու հասարակությունում առկա կարծրատիպերը, անդրադարձ է կատարվել միջազգային իրավական կառուցակարգերին ու կարգավորումներին:

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին և միջոցառման մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ նախանշելով Խորհրդի հետագա գործունեության հիմնական ուղղություներն ու քայլերը։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով