Ներքին 2 տարի առաջ - 18:05 22-11-2023

Ի պատիվ Իրաքի նախագահի` նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի` Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:

Ձեր այցն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, որի հիմքում ընկած է հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքն ու բարիդրացիական համակեցությունը: Վստահ եմ, որ Նախագահի պաշտոնում Ձեր առաջին այցը որպես պատմական իրադարձություն նոր էջ կբացի հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորում եմ մեր երկրների միջև քաղաքական շփումների առկա բարձր մակարդակի պահպանման, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը:

Հայաստանը և Իրաքն իրենց հազարամյա պատմության ընթացքում մշտապես կապված են եղել բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային, առևտրային և այլ կապերով: Դարեր շարունակ մեր ժողովուրդների բազմաշերտ շփումներն ու փոխգործակցությունը հարստացրել են ինչպես մեկը մյուսի մշակույթն, այնպես էլ իրենց անգնահատելի ներդրումն ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Այսօր մեր երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամուր են հենց այն պատճառով, որ խարսխված են հաստատուն պատմական հիմքերի վրա:

Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը, մեզ համար Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Իրաքի հետ մեր բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունն օրինակ են ծառայում նաև այլ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կառուցելու գործում:

Երախտապարտ ենք իրաքցի բարեկամ ժողովրդին Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու և ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:

Հայ-իրաքյան հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ դեր է խաղում Իրաքի հայ համայնքը՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։ Տարբեր ժամանակաշրջաններում Իրաքում հաստատված հայերն իրենց ուրույն ներդրումն են ունեցել Իրաքի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև իրաքցի ժողովրդի հետ կիսել են վրա հասած դժվարությունների բեռը:

Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-իրաքյան միջպետական հարաբերությունները կայուն բնույթ են կրում։ Վերջին տարիներին Հայաստանն ու Իրաքը կարողացան ստեղծել համագործակցության լայն դաշտ։ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, մեր քաղաքների միջև կանոնավոր թռիչքներ են իրականացվում, զբոսաշրջիկների և գործարարների փոխադարձ այցելությունների ծավալներն օրեցօր աճում են: Ես հակված եմ տեսնելու, որ այն խորացնելու դեռևս մեծ ներուժ է առկա և վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել և ընդլայնել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ իմ թանկագին բարեկամ, մեծարգո՛ պարոն Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, ի պատիվ բարեկամ Իրաքի բարօրության և առաջընթացի, և ի փառս երկու ժողովուրդների ու պետությունների միջև խաղաղ ապագայի և հարատև ու ազնիվ բարեկամության»։

Պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղություններն ու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան