Ներքին 2 տարի առաջ - 22:13 21-11-2023

Փրկարար ծառայությունն ավտոճանապարհներին իրականացնում է ուժեղացված ծառայություն. արգելափակումից դուրս է բերվել 160 մեքենա

Ձյան տեղումներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ից 21-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված և խափանված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, տեղացող առատ ձյունը հատկապես դժվարություններ է առաջացրել հանրապետության միջպետական ավտոճանապարհներին՝ առավել բարձրադիր հատվածներում և դժվարանցանելի վայրերում։

«Միջպետական ավտոճանապարհներին՝ Դիլիջանի թունելի մոտակայքում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով մոտ 15 ուղևորի։

Երևան-Մեղրի ճանապարհի 163-րդ կմ-ին ձյան պատճառով սահած և ճամփեզրյա հատվածում հայտնված բեռնատարը քարշակելով դուրս են բերել երթևեկելի հատված։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին օգնություն է ցուցաբերվել արգելափակված ևս 2 բեռնատար ավտոմեքենայի, որոնք փրկարարների օգնությամբ դուրս են եկել և շարունակել ընթացքը։

Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում, ինչպես նաև Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհներին փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, տեղափոխել են երթևեկելի հատվածից դուրս եկած և ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաները և առաջին օգնություն ցուցաբերել 6 քաղաքացու։

Ձյան արգելափակումից մարդատար ավտոմեքենաներ են դուրս բերվել Արագածոտնի մարզի Ծաղկասար, Ալագյազ-Ջամշլու և Թաթուլ-Հացաշեն գյուղերի մոտակայքից։ Օգնություն է ցուցաբերվել ավտոմեքենաների ուղևորներին և վարորդներին՝ վերջիններիս ժամանակավոր տեղափոխելով մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք։

Տեղեկատվություն է ստացվել, որ Ռյա Թազա–Ծիլքար ավտոճանապարհին բքի և մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ընթացքը։ Օպերատիվորեն արձագանքելով՝ հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել մոտ 100 ուղևորի, քարշակել՝ 60 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դժվարանացանելիությամբ պայմանավորված՝ Սարավան-«Զանգեր» հատվածում սահմանվել է հերթապահություն։

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 36-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը, մկրատաձև դիրք ընդունելով, երթևեկությունը դարձրել է միակողմանի։ Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ ավտոմեքենան ուղղվել և դուրս է բերվել արգելափակումից, ճանապարհը դարձել երկկողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները ջանասիրաբար շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին, նրանց տեղափոխելով առավել անվտանգ վայր կամ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան