Ներքին 3 տարի առաջ - 19:38 26-09-2023

Ժաննա Անդրեասյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար: «Ցավում եմ, որ մեր առաջին հանդիպումը տեղի է ունենում մեր երկրի համար այսքան բարդ և ողբերգական փուլում` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Այս դժվարին օրերին ԵՄ-ն եղել է մեր կողքին, աջակցել ամենատարբեր եղանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով շարունակական և արդյունավետ աշխատանքը: «Այս պահին մենք աշխատում ենք կարճաժամկետ աջակցության ուղղությամբ՝ լուծելով մարդկանց տեղափոխման, առաջնային բուժօգնության, կացարանների տրամադրման, սննդի հետ կապված հարցերը: Զուգահեռաբար, աշխատում ենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ունենալու ենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքը:

Ինչ վերաբերում է բուն կրթական գործընթացներին, ապա, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում շուրջ 30 հազար երեխաներ էին բնակվում: Բռնի տեղահանված երեխաների համար, կեցության հարցերի լուծմանը զուգահեռ, կարևոր խնդիր է կրթության շարունակականության ապահովումը: Երեխաները նաև որոշակի սոցիալ-հոգեբանական աջակցության և նմանօրինակ ծառայությունների կարիք են ունենալու:

Մենք նրանց նաև պետք է հոգեբանորեն պատրաստենք դպրոց գնալուն, և այդ աջակցությունը շարունակենք կրթության ընթացքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցությունը:

Դեսպանն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա անելիքների վերաբերյալ՝ կարևորելով խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեք են ներկայացնում և դրանց պահպանությունը հնարավոր է միայն միջազգային գործընկերների ջանքերի գործադրմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր՝ ծրագրային նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են հատկապես երիտասարդության ոլորտում համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ կներգրավվեն ԵՄ ծրագրերում, որոնք ուղղված են նաև Հայաստանի հեռավոր մարզերում երիտասարդների ակտիվության խթանմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան