Ներքին 3 տարի առաջ - 18:23 12-09-2023

Հայաստան-Գերմանիա խմբի անդամները հանդիպել են Սաքսոնիա Անհալթ երկրամասի Լանդթագի պատվիրակության հետ

Չափազանց կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ եւ բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաեւ դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, եւ մենք չափազանց կարեւորում ենք նաեւ համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ Գերմանիայի երկրամասերի միջեւ: Սաքսոնիա Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարեւոր դերակատարում ունի Հայաստանի եւ Գերմանիայի տնտեսվարողների միջեւ զարգացման գործում. ողջունելով Սաքսոնիա Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային եւ եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են նաեւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները:

«Մենք պատիվ ենք ունեցել լինել Սաքսոնիա Անհալթ երկրամասում եւ Հայաստանի մշակութային օրերի շրջանակում ներկայացնել Հայաստանը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Դանիել Շտուրմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ գործընկերությունը միայն թղթի վրա չէ գրված: «Մենք երեկ արդեն եղել ենք Արմավիրի մարզում, այցելել Արմավիրի դպրոցներից մեկը, որտեղ գերմաներենի ուսուցման մակարդակը շատ բարձր է: Հանդիպել եւ զրուցել ենք Արմավիրի մարզպետի հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, նշելով, որ գնահատելի է այն, որ յուրաքանչյուր երկրի տարածքային համաչափ զարգացման շրջանակում երկրամասերի հարաբերություններն են զարգանում: Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին, որ այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին են: Սեյրան Օհանյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու հանգամանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կողմից արված մի շարք հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ լուրջ դերակատարություն են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2 մլն եվրո հատկացնելու համար:

«Գերմանիան չափազանց բալանսավորված դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ: Սակայն այսօր Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ունենալ բալանսավորված դիրքորոշում, նշանակում է բալանսավորել ագրեսորին զոհի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Մեր խնդրանքն է հնարավորինս դաշնային մակարդակով փորձել սատարել հայ ժողովրդավարական արժեքները եւ միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի ներկայացրած արդար պահանջները»:

Զարուհի Բաթոյանը շեշտել է Գերմանիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման շրջանակում՝ նշելով, որ հայ ժողովուրդը փխրուն հարաբերական խաղաղության պայմաններում անգամ բարձր է գնահատում այդ գործոնը:

Կողմերը քննարկել են նաեւ կրթությանը, մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում