Ներքին 3 տարի առաջ - 11:40 03-08-2023

Փաշինյանը տպավորություն ունի, որ Ադրբեջանը ցանկանում է հետագայում Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել

Հումանիտար ճգնաժամի պայմաններում Ղարաբաղի ժողովրդին աջակցության համար ԼՂ ուղարկված 361տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը ԼՂ: Գործադիրի այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունը ԼՂ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:

«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, «հայկական կողմի ռազմական սադրանքն է»: Հիշեցնեմ՝ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում՝ արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը։ Հենց Ադրբեջանի՝ վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարբեր տեղերում դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու է նման։

«Դա է վկայում նախորդ օրը Ադրբեջանի նախագահի «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցը՝ հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, ապա ասում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրով և դա վերահաստատվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հիմք:

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ապա ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում․ «Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով