Ներքին 3 տարի առաջ - 21:14 20-07-2023

Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝ ընդգծելով, որ վերջինիս ղեկավարման շրջանում կառույցը շարունակել է աշխատանքները բոլոր ուղղություններով և ապահովել բնականոն գործունեությունը:

«Վերջին տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել աշխատելու Արա Խզմալյանի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ ընթացքում համոզվել ենք, որ նա ունի թիմ համակարգելու կառավարչական բոլոր հմտությունները, գիտելիքն ու փորձառությունը, որոնք պետք են Մատենադարանի պես բազմաշերտ կառույցի ղեկավարման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին՝ ընդգծելով, որ նրա ղեկավարմամբ ցանկացած ձեռքբերում առաջինը պետք է դառնա պետության հաջողությունը. «Մատենադարանը մեր պետության համար եզակի արժեք ունեցող կառույց է, և յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվություն այս կառույցի զարգացման, դերի բարձրացման, միջազգային հեղինակության ամրապնդման, բոլոր ուղղություններով աշխատանքների որակական փոփոխությունների համար»:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բոլոր խնդիրները՝ աշխատանքային պայմաններից, կիրառական հարցերից մինչև ավելի բովանդակային, համակարգային խնդիրներ, պետք է լուծվեն համատեղ ջանքերով և հոգաբարձուների խորհրդի գործուն մասնակցությամբ:

Մատենադարանի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել գիտաշխատողներին իր ներկայացրած զարգացման ծրագրին ծանոթանալու և այն գնահատելու համար. «Ես վերադարձել եմ հարազատ միջավայր, և իմ ներկայացրած զարգացման ծրագրի յուրաքանչյուր դրույթի շուրջ պետք է իրականացվի խորքային քննարկում, քայլերի քարտեզագրում. առաջնային և հրատապ խնդիրները պետք է ստանան առաջնահերթ լուծում: Բոլոր քայլերը կարվեն խորհրդակցական սկզբունքով և յուրաքանչյուրի մասնակցությամբ»:

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ նոր ժամանակների մարտահրավերները պահանջում են ռազմավարական ծրագրեր՝ խնդիրներին դիմակայելու համար: Նա ընդգծել է տեղեկատվական պատերազմի, մշակութային ինքնության պահպանման ուղղությամբ Մատենադարանի՝ որպես առաջամարտիկ լինելու դերը, որտեղ կարևորագույն սկզբունքը լինելու են գիտությունը և գիտական չափանիշը:

Աշխատանքների պատշաճ իրականացման տեսանկյունից Արա Խզմալյանը կարևորել է համերաշխության և առողջ մթնոլորտը, բոլոր խնդիրները քննարկելու և կարգավորելու անհրաժեշտությունը:

«Մատենադարանը հայության ամենանվիրական, լուսավոր արժեքների, մտավոր ու հոգևոր փորձի խտացումն է: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս այս գիտակցությամբ հետևենք մեր խոսքին ու գործողություններին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսելու այս կարևոր պատասխանատվությունը: Մաղթում եմ խաղաղ և արդյունավետ աշխատանք»,- եզրափակել է խոսքը Մատենադարանի նորանշանակ տնօրենը»,- հայտնել է կառույցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի