Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:23 22-05-2023

Կանխվել է ՀՀ տարածք խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք, զինամթերք տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք:

Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։

Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝ Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։

Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով