Ներքին Խոսք 3 տարի առաջ - 22:56 13-05-2023

Պետությունը տարիներ շարունակ սխալ է հաշվարկել զինվորականների արձակուրդայինները

ՀՀ վարչական դատարանը Արտակ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ՊՆ-ի գործով արձանագրել է, որ զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդների տևողությունը տարիներ շարունակ հաշվարկվել է օրենքի խախտմամբ` օրացույցային օրերով, աշխատանքային օրերի փոխարեն։

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնած Պահեստազորի զինծառայողներ նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ իր բացահայտած իրավախախտման վերաբերյալ բարձրաձայնելու համար հետապնդվել ու աշխատանքից ազատվել է։

Նա նշեց, որ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների վերոնշյալ խախտումների մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2018 թվականի տարեկան հաղորդմամբ, հետագայում խնդիրն արձանագրվել է նաև հանրային խորհրդի կողմից, անգամ Նիկոլ Փաշինյանն է վերջին ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձել խնդրին։

«Այդուհանդերձ, զինծառայողների ոտնահարված իրավունքները տարիներ շարունակ արհամարհվել են գործադիր իշխանության կողմից: Չնայած իշխանությունները վարչապետի գլխավորությամբ իրազեկված էին խնդրի վերաբերյալ, սակայն պատկան մարմինները որևէ միջոց տարիներ ի վեր չեն ձեռնարկել՝ սոցիալական արդարությունը և զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։

Նա ընդգծեց, որ խնդիրը վերաբերում է բոլոր ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի, ոստիկանության, ՊՆ-ի աշխատակիցներին։

«Բանն այն է, որ տարիներ շարունակ զինծառայողների արձակուրդը հաշվարկվել է օրացույցային օրերով, սակայն 2010 թ-ին Աշխատանքային օրենսգրքում կատարած փոփոխությամբ «օրացուցային օրերը» փոխարինվել էին «աշխատանքային օրեր» ձևակերպմամբ։ Այսինքն՝ 2010 թ․-ից պարտավոր էին հաշվարկել աշխատանքային օրերով, մեր ուժային կառույցները սակայն անտեսել են այդ նորմը։

Արդյունքում, արձակուրդի համար ավելի քիչ օր է տրվել համապատասխանաբար նաև ավելի քիչ է վճարվել։ Զինծառայողներին արձակուրդ տրվում է համաձայն ստաժի, այսինքն, օրինակ՝ մինչև 15 տարի ստաժ ունեցող զինծառայողներին տրամադրվել է 30 օր, բայց պետք է տրամադրվեր 38 օր»։

Նա նաև պատմեց, որ Արտակ Ավետիսյանը դատարանից պահանջել է չտրամադրված արձակուրդային 112 օրվա դիմաց փոխհատուցում, արձակուրդային վճարի հաշվարկված տույժը 1 մլն 941 հազար դրամ է կազմել։

Հատկանշական է, որ դատարանը մասնակի է բավարարել հայցը, արձանագրել է, որ խախտումն առկա է, սակայն տուժանքների մասով հայցապահանջը չի բավարարվել։

Հովհաննիսյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարանում։ «Ամեն դեպքում՝ սա նախադեպային որոշում է, որովհետև տարիներ շարունակ իշխանությունները, իրազեկված լինելով խնդրի վերաբերյալ, վարչապետի գլխավորությամբ, միջոցներ չեն ձեռնարկել խնդիրը վերացնելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով