Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:29 03-05-2023

Ադրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների բնակիչների ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին։

«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,- հիշեցրեց վարչապետը։

Նրա կարծիքով` փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն` որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։

Գաբրիելյանը հիշեցրեց, որ օրերս Երևանում «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով տեղի ունեցավ, որի ընթացքում հռչակագիր ընդունվեց։ Դրանում բարձրաձայնվում է հարյուրհազարավոր փախստականների իրավունքները։ Մասնավորապես նշվում է, որ փախստականները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց անվտանգությունը։

Գաբրիելյանն ընդգծեց` այս մասին ինքն էլ խոսում է որպես Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքի իրավունքից զրկման սպառնալիքի տակ բռնագաղթել է։

Փաշինյանը նշեց` հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է և կարծում է, որ բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է։ Նա շեշտեց` թեպետ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ այսօր էլ կան։
Վարչապետն առաջարկեց աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում