Արտաքին 3 տարի առաջ - 20:30 15-04-2023

Թուրքիայի ներքին գործերի նախարարը վստահ է՝ Էրդողանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն վստահություն է հայտնել, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին թուրք պաշտոնյան հայտարարել է թուրքական TGRT հեռուստաալիքի եթերում։

Սուլեյման Սոյլուն շեշտել է, որ երկրում անցկացված հարցումների տվյալներով Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը։ «Այսօրվա տվյալներով՝ մենք հաղթում ենք նախագահական ընտրություններում առաջին փուլով՝ ձայների 51-51.5%-ով։ Քանի որ նախընտրական քարոզարշավը շարունակվում է, մեր նախագահի օգտին տրված ձայները կավելանան, և տարբերությունն ավելի ակնհայտ կդառնա։ Հանրապետության նախագահը կլինի Էրդողանը»,- ասել է նա։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե որ ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներն է հրապարակել։

Նախօրեին Թուրքիայում գործող Optimar հետազոտական ընկերության ղեկավար Հիլմի Թաշդեմիրը խոսել էր նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակի հնարավորության մասին։ Նա միևնույն ժամանակ նշել էր, որ գործող նախագահը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում։ «Մեր ունեցած վերջին տվյալները ցույց են տալիս, որ ընտրողների ձայների բաշխումից հետո, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, Էրդողանը հավաքում է 45.9%, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.9% ձայն»,- ասել էր նա։

Նշվում է, որ Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին առաջին անգամ կմասնակցի շուրջ 8 միլիոն ընտրող։ Սոցիոլոգները չեն բացառում, որ հենց երիտասարդությունն է որոշելու քվեարկության ճակատագիրը։

Շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, քանի որ սոցհարցումների մեծ մասի արդյունքները դեռ հստակ պատկերացում չեն տալիս թեկնածուների ձայների բաշխման մասին։

2018 թվականի հունիսի 24-ի կայացած նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել էր առաջին փուլում՝ ստանալով ձայների 52.6%-ը։ Միևնույն ժամանակ նշենք, որ ի տարբերություն այս ընտրությունների 2018 թվականին Թուրքիայի խոշոր ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու չէին առաջադրել և համաձայնել էին աջակցել այն թեկնածուին, ով Էրդողանի հետ միասին կանցնի երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում