Ներքին 3 տարի առաջ - 11:58 06-04-2023

Հրայր Թովմասյանի վարորդը մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը. ՀՀ Դատախազություն

2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը): Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը:

2020 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաև պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը:

Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի պահանջը՝ նշված քրեական վարույթի ընթացքում ապահովվել է գաղտնիությունը, ինչի պատճառով հանրությունը չի տեղեկացվել, որ քրեական վարույթը վերաբերել է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հ.Թ.-ին: Սակայն, նկատի ունենալով, որ նշված վարույթով արդեն իսկ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշում (նրա նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, որի իրավաչափությունը հաստատվել է նաև Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից), տեղեկացնում ենք, որ նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Հ.Թ.-ն, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար և 2013 թվականի հուլիսի 16-ից տեղեկացված լինելով Ա.Հ.-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից պաշտոնի նշանակելու, սակայն փաստացի իր վարորդի գործառութային պարտականությունները կատարելու մասին, Ա.Հ.-ին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ա.Հ.-ի կողմից պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել:

Ավելին, Հ.Թ-ն 2013 թվականի հուլիսի 13-ին ստորագրել է թիվ 158-Ա հրամանը, որով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու, նույն ծառայության օպերատիվ բաժնի առաջին կարգի մասնագետ Ա.Հ.-ին, որը փաստացի հանդիսացել է նախարարի վարորդը, հատկացվել է ծառայողական զենք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան