Ներքին 3 տարի առաջ - 13:41 13-03-2023

Փորձաքննության եզրակացություններն անարժանահավատ են. կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողների ներկայացուցիչ

Ստացված եզրակացությունները խիստ անարժանահավատ են, գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, միաժամանակ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ։ Այս մասին հայատարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանն՝ անդրադառնալով զոհերից 8-ի ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին։

«Հարգելի՛ բարեկամներ
Ինչպես նախապես հայտնել ենք՝ ս․թ․ մարտի 11-ին ստացվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։

Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։

Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Ստացված եզրակացությունները խիստ անարժանահավատ են, գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, միաժամանակ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ, մասնավորապես՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ կենդանի մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում։

Ավելի՛ն, եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, շմոլ գազը ե՞րբվանից է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման արդյունքում է առաջացել, հրդեհից առաջ ի՞նչ իրավիճակ է եղել այդ կացարանում։

Ավելի՛ն, եթե եզրակացություններով պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել՝ այդ տարածքից դուրս գալու համար եւ գտնվել են իրենց մահճակալների վրա։
Այս պայմաններում տուժող կողմը չի բացառում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը։

Միաժամանակ, սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով ծածկադմբոցի որեւէ փորձ, փաստական տվյալների որեւէ կեղծման փորձ, եւ սույն գործի բացահայտման ուղղությամբ որեւէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելուն դեմ ուղղված որեւէ քայլ չի հանդուրժելու։

Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ իր ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում