Արտաքին 3 տարի առաջ - 17:30 09-03-2023

Վրաստանի ներկայիս կառավարությունը փորձում է որոշ հետքայլեր անել եվրոպական արժեքներից և ժողովրդավարությունից. Նինո Բուրջանաձեն՝ աղմկահարույց օրենքի մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ երկրի ներկայիս կառավարությունը փորձում է որոշ հետքայլեր անել եվրոպական արժեքներից և ժողովրդավարությունից։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բուրջանաձեն այս մասին ասել է՝ անդրադառնալով երկրում դժգոհությունների պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին։

Բուրջանաձեն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանն այսօր ունի մի իշխանություն, որը չի լսում ժողովրդի ցանկությունն ու տրամադրությունը։ Նա ընդգծել է, որ հատկապես երիտսարդները, ովքեր ծնվել են երկրի անկախացումից հետո, հասկանում են ազատության և անկախության արժեքը։

«Հատկապես կուզենայի նշել վրացի երիտասարդների տրամադրությունը։ Նրանք ծնվել են Վրաստանի անկախացումից հետո, այս երիտասարդները հասկանում են ազատության և անկախության արժեքը։ Այս երիտասարդությունը թույլ չտվեց այն օրինագիծը, որը փորձում էր ընդունել կառավարությունը»,- ասել է Բուրջանաձեն։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ երկրի ստվերային առաջնորդները (նկատի ունի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա մերձավորներին-խմբ) այս օրենքով փորձում էին վերահսկել երկրի խորհրդարանը, ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները։ Նա շեշտել է, որ դա բացարձակապես անընդունելի է։

«Ուրախ եմ, որ այս անգամ իշխանությունը լսեց ժողովրդի և մեր ռազմավարական գործընկերների ուղերձները։ Մենք պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկենք, պաշտպանենք ժողովրդավարությունն ու արժեքները։ Սա կարևոր է բնականոն զարգացման համար»,- նշել է նա։

Բուրջանաձեն ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ այսօր իրավիճակը բարդ է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նա ասել է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով տարածաշրջանն ու աշխարհը կանգնած են տարբեր սպառնալիքների ու դժվարությունների առաջ։

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում ազդում է մեր տարածաշրջանի և միառժամանակ նաև աշխարհի վրա։ Կարծում եմ, որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն այս պատերազմին վերջ տալու համար։ Իհարկե, նկատվում է նաև, որ փակուղի կա։ Մեր տարածաշրջանը, Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լուրջ խնդիրներ ունեն։ Վրաստանի երկու տարածքներ՝ Աբխազիան և Օսիան, գտնվում են օկուպացիայի տակ, և այդ տարածքներում ռուսական ուժեր կան։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը մեզ անհանգստացնում է»,- եզրափակել է Բուրջանաձեն։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում