Արտաքին 3 տարի առաջ - 13:30 08-03-2023

Ֆրանսիայի ԱԳՆ-ն շարունակում է կողմնակալ և անհիմն դիրքորոշում ցուցաբերել. Բաքուն հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Այխան Հաջըզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տարածաշրջանում տեղի ունեցող սադրանքները գնահատելիս «շարունակում է կողմնակալ և անհիմն դիրքորոշում ցուցաբերել»։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Հաջըզադեն այս մասին ասել է՝ մեկնաբանելով մարտի 5-ին Շուշիի մոտակայքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը։

Հաջըզադեն նշել է, որ այսպես կոչված «հայկական անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու փոխարեն, ինչպես դա պահանջում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, եռակողմ հայտարարությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը», ֆրանսիական կողմը այդ կազմավորումներին ներկայացնում է որպես ոստիկանություն և դրանով «անուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի տարածքում նրանց կողմից իրականացվող սադրանքները»։

Նա ընդգծել է՝ ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ «Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհին տեղի ունեցող «բողոքի ակցիան» պատրվակ բերելով այլընտրանքային ճանապարհներն անօրինական ռազմական գործունեության համար օգտագործումը» միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կասեցնելու հայկական կողմի շարունակվող սադրանքները, պայքարելու հայկական զինված կազմավորումների դեմ, որոնք, հակառակ իրենց պարտավորությունների՝ դեռևս դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից, ինչպես նաև կասեցնելու զենքի, զինամթերքի և ականների տեղափոխումը Ադրբեջանի ինքնիշխան տարածք: Սա մեր երկրի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Հաջըզադեն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել էր մարտի 5-ին Շուշիի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքին, որում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել ոստիկանական մեքենայի վրա։

Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող՝ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»