Ներքին 3 տարի առաջ - 10:38 08-03-2023

Ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով։

«Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։

Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին։

Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն», - ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի