Ներքին 3 տարի առաջ - 20:18 07-02-2023

Խորհրդարանական ուժերը արդեն տապալել են պետականաշինության գործընթացը․ Նորայր Նորիկյան

«Գործող խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից որևէ բան ակնկալել, որ նրանք կարող են ապագային միտված որևէ ռազմավարական, համակարգային ծրագիր առաջ քաշել ու կյանքի կոչել, ես չեմ հավատում, որովհետև այս քաղաքական ուժերը ի զորու չեն որևէ ֆունդամենտալ խնդիր լուծել»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը։

Քաղաքական գործչի խոսքով` խորհրդարանականներին բավարարում է միմյանց մեղադրելու սցենարները․ «Իրար էլ գող փիսո, էլ քաչալ շուն ասելով` սպառում են ժողովրդի վստահությունը։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է հետևություն անի, թե ինչ ընտրություն է կատարել, թե ինչ որակի ազգային ժողով է ձևավորել, որը, իմ կարծիքով, մեր վատթարագույն ու խայտառակ պառլամենտներից մեկն է։ Հետևություն պետք է կատարեն, որ կարողանան հաջորդ ընտրությունների ժամանակ ճիշտ ուժերի ձայն տան, արդյունքում առողջ խորհրդարան կձևավորվի»։

Նորայր Նորիկյանը նկատում՝ խորհրդարանական ընդդիմությունը կազմված է նախորդ իշխանության ներկայացուցիչներից․ «Որակական որևէ հատկանիշներով ի զորու չեն մեր երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ և փոխել մեր պետության, մեր հասարակության որակը։ Քանի այդ ուժերի ներկայությունը մեկ վայրում առկա է, ունենք էժանագին, շոուներ հնարող, միմյանց հայհոյող, վիրավորող խորհրդարան։ Այս ամենի հետևանքով շարունակելու է տուժել Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ քաղաքացին։ Ցավոք, այս պառամենտի գոյության ընթացքում մենք զրկված ենք պետականաշինության, մեզ անհրաժեշտ, չափից դուրս կարևոր իրողություններն իրագործելու հնարավորությունից։ Պետականաշինությունը չափից դուրս լուրջ գործընթաց է, իսկ այդ ուժերը ունակ չեն այդ գործընթացով զբաղվելու։ Իրենք արդեն տապալել են այդ գործընթացը»։

Պատերազմի վտանգը, Նորայր Նորիկյանի խոսքով, առկա է ամեն րոպե։ Շրջափակված Արցախի վիճակը մտահոգիչ է ․«Խնդիրը ավելի գլոբալ է, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի հանրապետությունը, ցավոք սրտի, չկարողացան այս ժամանակահատվածում գտնել Ադրբեջանի դեմ գործելու հակախաղը։ Ըստ էության՝ դեռ հնարավոր չէ գտնել այնպիսի մի միջոց, որը կզսպի Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի վերահսկողության նկատմամբ ՀՀ-ն և ԱՀ-ն որևէ վերահսկողություն չունեն։ Իրավական առումով Ադրբեջանն էլ որևէ վերահսկողություն չպետք է ունենար։ Միջանցքի հանդեպ վերահսկողությունը բացառապես պատկանում էր ՌԴ-ին, բայց մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները ներթափանցել են ռուսական վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցք։ Կարծում եմ, որ մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք՝ Ալիևը հենց այնպես չի բացելու այդ միջանցք։ Պետք է լուրջ հետևություններ անենք՝ ի՞նչ է ուզում մեզանից Ալիևը, կամ միայն Ալիևն է ուզում, թե նրա հետ միասին այլ ուժեր կամ պետություններեն ինչ-որ բան ուզում և արդյոք մենք պատրաստ ենք տալ։Եթե իրենց նպատակը Սյունիքը ուզելն, ապա կոշտ պետք է ասել՝ Սյունիքի միջանցք չենք տալու իրենց ու վերջ»,-հավելեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում