Ներքին 3 տարի առաջ - 20:29 14-12-2022

Կաթողիկոսն ու Լին Թրեյսին հանդիպել են․ խոսել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը հանգեցնելու է հումանիտար աղետի։

Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական նկատեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցեցին նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով