Ներքին 3 տարի առաջ - 18:30 08-12-2022

Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարը խոստացել է աջակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի բարձրացրած հարցերի լիակատար իրագործմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի այցը: Վերջինս Հայաստան է ժամանել մեր երկրում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ջոաննա Բուրքը, ով պատասխանատու է 15 երկրներում խորհրդի գործունեության համար, կարևորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու հաջողված գործընկերային հարաբերությունները:

«Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով նախարարության համակարգման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողներին դասավանդող դասախոսների համար անգլերենի վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ առաջարկելով դիտարկել դասախոսների համար անգլերենի վերապատրաստման և գնահատման ծրագրային ձևաչափի ներդրման և իրականացման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ մարզերում անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործումը դիտարկելով որպես հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացման հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ջոաննա Բուրքը գնահատել է բարձրացված հարցերի կարևորությունն ու խոստացել աջակցել դրանց լիակատար իրագործմանը:

Նրա առաջարկով՝ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է քայլեր ձեռնարկել նաև օտարերկրացի ուսանողների՝ ցանկության դեպքում Հայաստանում հեռավար եղանակով կրթություն ստանալու հնարավորության ապահովման համար. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ խնդիր չունենք ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Անկասկած, մեզ մոտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում: Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում լարել մեր բոլոր ռեսուրսները՝ նմանօրինակ հնարավորությունն իրականություն դարձնելու համար»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով նախարարության հետ իրականացվող համատեղ ծրագրերը, և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի