Ներքին 4 տարի առաջ - 22:32 07-10-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք են բարձրացրել առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել հյուրերին։

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը:

․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»:

Հայոց Հովվապետը հաստատել է, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։

Նորին Սրբությունն ընդգծել է, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է:

«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:

Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։

Վեհափառ Հայրապետը պատասխանել է ՀԲԸՄ անդամների հարցերին, որոնք առնչվել են Մայր Աթոռի կողմից նախաձեռնված՝ զոհված և անհայտ կորածների ընտանիքների, վիրավորում ստացած զինվորականների և տեղահանվածների նյութական ու հոգեխնամ աջակցությանն ուղղված ծրագրերին, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, առկա մարտահրավերների դիմագրավման միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում գործադրվող ջանքերին։

Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը, ազգի միասնականության ամրապնդման գործում նրա կարևոր դերակատարությանը։ ՀԲԸՄ երիտասարդ անդամները նաև ստացաել են Հայոց Հայրապետի պատգամները սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքում իրենց գործուն ներգրավվածության, ազգային ինքնության պահպանման, իրենց ներուժը ազգի և հայրենիքի կարիքներին ծառայեցնելու առնչությամբ։
Հանդիպումը փակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի