Ներքին 4 տարի առաջ - 13:00 10-08-2022

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների և օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» (World Press Freedom Index) տարեկան զեկույցը:

Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Մինչդեռ վարկանիշային աղյուսակը եզրափակում է հետևյալ տասնյակը՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմար, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 68.97 միավորով 51-րդ տեղում է՝ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից:

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ», - Հայաստանի մասով գրել են զեկույցի հեղինակները:

Հատկանշական է, որ նախորդ տարի Հայաստանը նույն վարկանիշում 71.17 միավորով զբաղեցրել էր ավելի ցածր հորիզոնական՝ 63-րդ տեղը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանն 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը:

Ադրբեջանի մասով զեկույցի հեղինակաները նշում են, որ նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձել է լռեցնել մնացած բոլոր քննադատներին:
Թուրքիայի վերաբերյալ նշվում է, որ այդ երկրում մեծ տեղ է գրավում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով ԶԼՄ-ների բազմակարծությանը: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին թուլացնելու համար։

Նշենք, որ ազեկույցի նպատակն է համեմատել մամուլի ազատության մակարդակը, որն ունեն լրագրողներն ու լրատվամիջոցները աշխարհի 180 երկրներում և տարածքներում: Այս համեմատությունը հիմնված է մամուլի ազատության սահմանման վրա, որը ձևակերպվել է RSF-ի և նրա խմբի փորձագետների կողմից 2022 թվականից կիրառվող նոր մեթոդաբանության մշակման ժամանակ:

Մամուլի ազատությունը սահմանվում է որպես լրագրողների՝ որպես անհատների և կոլեկտիվների կարողություն՝ ընտրելու, արտադրելու և տարածելու նորություններ՝ ելնելով հանրային շահերից՝ անկախ քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական միջամտությունից և նրանց ֆիզիկական և մտավոր անվտանգությանը սպառնացող վտանգների բացակայության դեպքում:

Ինդեքսի վարկանիշը հիմնված է 0-100 միավորի վրա, որը հատկացվում է յուրաքանչյուր երկրի կամ տարածքի. 100-ը հնարավոր լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը), իսկ 0-ն՝ վատագույնը:

Այս միավորը հաշվարկվում է երկու բաղադրիչի հիման վրա՝

1․ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ չարաշահումների քանակական ցուցանիշ՝ կապված նրանց աշխատանքի հետ,

2․ յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ին մամուլի ազատության ոլորտի մասնագետների (ներառյալ լրագրողների, հետազոտողների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների) պատասխանների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան