Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 23-07-2022

Թշնամին յուրային է, յուրայինը՝ թշնամի՞

Չորս օր Հայաստանի չորս մարզերում ազատ շրջել է թուրք բլոգերը՝ թուրքական դրոշով վերնաշապիկը հագին, ակներև, ակնբախ: Երիտասարդը ոռնացել, կլանչել է, «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման նշանն է ցուցադրել, սպառնացել, ծաղրել, զվարճացել սրտի ուզածով: Ենթադրաբար հայ-վրացական սահմանով է թափանցել Հայաստան, իսկ հետո նույն սահմանով ետ գնացել ազատ, անկաշկանդ, ինչպես եկել էր: Այդպես անտեր ու դուրս երկրի հետ կարող են վարվել, որ չունի հսկողություն ու համապատասխան պետական կառույցներ, բարձիթողի է ու անկառավարելի:

Սակայն երբեք ինձ թույլ չեմ տա մտածել, որ մեր ԱԱԾ-ն անտարբեր է իր պարտականությունների նկատմամբ, անտեղյակ, քանի որ չեմ կարող հարգանքս կորցնել այդ կարևոր ու անհրաժեշտ կառույցի նկատմամբ, որը մեր ազգային անվտանգությունն է ապահովում: Վստահ եմ, որ միշտ ուշիմ է ու աչալուրջ, հետևողական և իրեն հատուկ բարձրության վրա է գտնվում: Իսկ ինչպե՞ս է, որ թուրք երիտասարդը չորս օր մեր երկրում վիրավորել ու ոտնահարել է մեր ազգային արժանապատվությունը՝ բորբոքելով ազգամիջյան թշնամանք, նաև սպառնացել մեր անվտանգությանը և աննկատ ու անկարևոր մնացել: Եթե տեղյակ չի եղել մեր անվտանգությունն ապահովող կառույցը, վատ է, իսկ եթե տեղյակ է եղել և անհետևանք թողել, ավելի վատ է: Հիմա չգիտեմ որպես տարբերակ վա՞տն ընտրել, թե՞ ավելի վատը:

Մեր երկրում ազգամիջյան թշնամանք բորբոքելու մեղադրանքով կալանավորվում է Արմեն Գրիգորյանը, որ մահացավ դատարանի դահլիճում՝ դատավարության ժամանակ, բայց սույն թուրք երիտասարդը չի համարվում սպառնալիք և անարգել իր ազգայնական ծայրահեղ մոլուցքներին է տուրք տալիս: Իշխանությունը արգելում է ազգային գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը մեր երկիր՝ անվտանգության նկատառումներով, իսկ այդ թուրքի նման վարվեցողության մեջ վտանգ չի տեսնում:


Եթե հնարավոր է, փորձենք հասկանալ անհասկանալին: Ո՞րն են մեր պետության հայացքը և ուղենիշը, արդյո՞ք համապատասխանում ենք պետություն կոչվելու չափանիշին: Մենք մեր պետական ու ազգային շա՞հն ենք հետապնդում, թե՞ այդ արժեքները ոչնչացնել սպառնացողի նենգությունն ու դավադրությունը սպասարկում: Մեզ համար թշնամին յուրային է, յուրայինը՝ թշնամի՞: Այս ճանապարհը բռնած քանի՞ երկիր գիտենք, որ տեղ է հասել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով