Ներքին 4 տարի առաջ - 18:59 06-06-2022

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշել է նա։

Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսել է միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում.

«Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։

Երևանում Տոյվո Կլաարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Առաջիկայում նախատեսված է Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը նաև Բաքու։

Երկու մայրաքաղաքներից էլ Տոյվո Կլաարը ընդհանուր առմամբ դրական ուղերձներ է ստանում.

«Ուղերձը, որը ես ստացա, այն է, որ առաջնորդների մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում կայացած հանդիպումը որոշակի կոնկրետ արդյունքներ է տվել: Մենք ունեցանք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Ապա Մոսկվայում հանդիպում եղավ փոխվարչապետերի միջև՝ քննարկելու հաղորդակցական ուղիների բացումը, ինչը ղեկավարները քննարկել էին Բրյուսելում: Եվ այսպես, մենք շատ ոգևորված ենք: Բաքվից ևս արձագանքն այն է, որ ինչպես բրյուսելյան հանդիպման, այնպես էլ դրա հետագա ընթացքի գնահատականը դրական է։ Այնպես որ, բավական դրական թափ կա։ Եվ կարծում եմ, որ կարևոր է զարգացնել այն»

Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասում է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել.

«Եվրամիությունը չի պնդում, թե ունի որևէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված են առաջընթաց տեսնելու ու դրան աջակցելու մեջ, և դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել», - ասում է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան նաև այլ ձևաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով, ապաշրջափակման հարցով՝ փոխվարչապետերի հանձնաժողովն է վերսկսել նիստերը.

«Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով, Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին ու օգնել հասնելու կայուն և համապարփակ կարգավորման»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով