Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:58 11-05-2022

Երկակի ստանդարտների աքցանում

Անկախ ամեն ինչից՝ հետաքրքիր երկիր է Հայաստանը: Երկիր, որի բնակիչներն ունեն բոլոր հարցերի պատասխանները, բայց ոչ՝ լուծումները․․․ Բնակավայր, որտեղ ամենավիրավորական բանը պարզագույն ճշմարտություններին ականջալուր լինելն է… Երկիր, որտեղ դեռ փոքրուց են գիտակցում չգրված օրենքի՝ «Չընտելանաս` կսատկես, չսատկես՝ կընտելանաս»-ի գերարդիականությունը…

Միայն թե անկեղծ, մտաբերո՞ւմ եք գեթ մեկ հոգու, որը երբևէ հրապարակավ ընդունած լինի իր մեղավորությունը, կա՞ արդյոք պետական մի այր կամ, ասենք, քաղաքական միավոր, որի հետահայաց վերլուծությանը հաջորդած ապաշխարանքը ընդօրինակելի նախադեպ կստեղծեր ու թեք գնացող «պատի» հետագա ընթացքը կկանխեր: Իզուր մի՛ ճգնեք, չեք գտնի:

Հայաստանը երկիր է, որը շարժվում է «զոնի» օրենքներով, «պախանատին» սրտամոտ պատկերացումներով, որտեղ գերակայողը «Մեր ախպերը, ճիշտ ա, սխալ ա եղել, բայց մենք հո գիտենք, որ նա մեր ախպերն ա, ուրեմն ճիշտ ա» «սողոմոնյան» համոզումն է… Այստեղից էլ՝ արդարության հանդեպ սելեկցիոն մոտեցումը:

Չէ՛, չէ՛, նկատե՞լ եք, թե քանի «ջիփազգի» է մասնակցում միջանձնային «ռազբորկաներին»՝ պիրանիա ձկներին հիշեցնող իրենց մեգավտառներով ու լայն զինանոցով: Դրան՝ նույն այդ «խլեշազանգվածին» հակառակ՝ թշնամու կողմից մշտապես ծանակվող մայր Հայաստանի արժանապատվությունը պահելիս, սահմանները պահպանելիս երբեք չես տեսնի: Նրանց համար «մենթի քֆուրը «ասնավանի չի» (հայցում եմ ընթերցողի ներողամտությունը՝ արգոյի գործածության համար): Իսկ, ա՜յ, եթե նույն այդ հայհոյանքը, Աստված մի՛ արասցե, հնչած լիներ հասարակ մարդու շուրթերից, նրան շանսատակ արած կլինեին, օրենքի հակառակ բևեռում գտնվողներին պատասխանել տալ չկարողանալու «դարդից» էլ ամբողջ մաղձը կթափեին ընտանիքի հաց հանապազօրյայի ապահովման համար բանտում հայտնվածի վրա ու նրա հետ կվարվեին ընտել ենիչերու պես՝ առաջնորդվելով երկակի ստանդարտների նպաստավորության «օրենքով»:

Ծուռ հայելիների երկիր է Հայաստանը, երկիր, որի իրական, սրտացավ զավակները հնարավոր բոլոր միջոցներով լռեցվում են, այսինքն՝ մարգինալացվում: Նրանք նման վերաբերմունքի են արժանանում, քանի որ մեծապես խանգարում են նախրի «ամբողջականությանը» …Նրանք հիշեցնում են «վերջին սամուրայներին», որոնցից հետո սկսվում է ամենակուլ, անվերջանալի բիոզանգվածը…Հետևաբար, ամեն ինչ արվում է, որ այս տեսակը հայտնվի լուսանցքում, որ նրա կողմից հնչեցվող ճշմարիտ խոսքը հետևորդներ չունենա: Դրան հակառակ՝ դատելու, ճիշտը սխալից, սևը սպիտակից զատելու ունակությունից իսպառ զուրկ «բիոմասսան» պատրաստ է արյունահեղության, Լինչի դատաստանի՝ այլակարծիքների դեմ… Ու դա ոչ այնքան հենց իրենց, որքան «հակառակորդի» վրա նրանց քսի տվող տիրոջն է անհրաժեշտ: Հույժ է անհրաժեշտ, քանի որ ողջամիտ միտքը վաղ թե ուշ ամենախուլ ականջներին անգամ հասու կդառնա…

Ընդունված է ասել, որ «հոգևորականի ապուշության պատճառով Աստված չէ, որ պետք է տուժի»: Համակարծիք լինելով ասվածին՝ այնքան էլ վստահ չեմ, որ այս դիտարկումը հնարավոր ու անհնար միջոցներով սադրանքի ենթարկվող ամբոխի կողմից ճիշտ կընկալվի: Ճիշտ ընկալվել չի կարող, քանի որ հայաստանաբնակների մի զգալի հատված «փչացած հեռախոսների» սկզբունքից հրաժարվելու, սեփական ուղեղին «նեղություն տալու», պտուղով դատելու և այս կամ այն ուժից հաշվետվություն պահանջելու մտադրություն չունի: Մինչդեռ ժամանակն է մեկընդմիշտ ընկալել, որ հարկ է առաջնորդվել ոչ թե սին, հիպոթետիկ ու միանգամայն անպտուղ խոստումներով, այլ հայակենտրոն, Հայաստանակենտրոն գործունեության ու առաջարկների գնահատման սթափ ունակությամբ․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում