Ներքին 4 տարի առաջ - 19:02 05-03-2022

Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտոնյաների հետ դեղագործական արտադրանքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ։ Համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա հայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի ընդլայնել երկկողմ առևտրային կապերը՝ ներդրումների միջոցով:

«Այս այցը միտված է համատեղ ձեռնարկությունների միջոցով Իրանի և Հայաստանի միջև կապերի խորացմանը»,- Երևան այցին ընդառաջ հայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցույթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցնում է, որ Իրանն արդեն պատրաստակամություն հայտնել է համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ հիշեցնելով, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում