Միտք 4 տարի առաջ - 10:17 05-03-2022

Մենք մեր մտքում, մեր գրով չկերտեցինք մեր պետությունը և զուրկ ենք պետական մտածողությունից

Հիմա՝ հետադարձ հայացք նետելով մեր շոշափելի անցյալին, կարող ենք անվիճելիորեն ասել, որ անկախությունը նվեր տրվեց մեզ, ուղղակի օդից ընկավ մեր ափի մեջ, անսպասելի, անհասկանալի, անտրամաբանական: Անկախական սերունդ՝ որպես այդպիսին, մենք չունեինք: Անկախ պետության, պետականության զգացողությունը, հոգեկերտվածքն իսպառ բացակայում էր մեր մեջ, զրո միավոր կամ անմիավոր էր մեր ներաշխարհում: Եթե չհաշվենք մի քանի անկախական քաղբանտարկյալներին ու նրանց որոշ մերձավորներին որպես անկախության սիմվոլիստներ:

Մեր մտավորականը, գործիչը, գրողն ու նկարիչը, պատմաբանն ու գիտնականը մեր պետությունը չկառուցեցին մեր մտքի մեջ և չմատուցեցին մեզ որպես հոգեկերտվածք, անգիր գիտակցում, ինչպես՝ մեկ անգամ մեկ: Որպեսզի իշխանավորը, ղեկավարը չզարմանար, որ պատահականության կամ բախտի բերմամբ է ընկել այդ աթոռին, իսկ ժողովուրդը չսպասեր, թե ինչ է լինելու կամ ջուրը ուրիշ ինչ է բերելու: Երկուստեք հստակեցնեին արդեն գիտակցվածը՝ պետականաշինությունը:

Մեր մշակույթը, մեր գիրը չի եղել պետականաշեն: 19-րդ դարում ազգային ազատագրական պայքար բորբոքող էր, խորհրդային շրջանում կորուսյալ հայրենիքի մորմոք էր և այն վերդարձնելու ոգի: Անկախության շրջանում նույնպես զերծ մնացինք, ձեռնահաս տարածքում չշոշափեցինք պետության ու պետականության իրողությունը, այդ հայացքը չունեցավ մեր մշակույթն ու գիրը: Թերևս Մաթևոսյանի Ռոստոմն իր մեջ կրում էր պետության սաղմեր, իր մասնին չէր ասում՝ ես, ասում էր՝ մենք, և պայքարում էր, որ այդ մենքից՝ պետությունից չգողանան:
Բայց մեր քաղաքացին մնաց Ահնիձորում՝ պետությունից գողացող: Իսկ պետությունից գողանալը, որ համարվում էր լավ տղություն, չէր կարող լինել այնքան լավ տղա, որ պետություն կերտեր, անկախ պետականության տեր լիներ: Այդ լավ տղու ափի մեջ դրեցին որոշակի կամ պայմանական պետականությունը: Ինքը չկողմնորոշվեց ինչպես վարվի հետը, որովհետև դրան պատրաստ չէր, իրեն չէին կերտել այդպիսին, և պարզապես ձեռքից գցեց որպես ծանրություն, բեռ, անպետք բան:

Թերևս պետականության որոշ ուղղվածություն կտեսնենք և՛ Խեչոյանի, և՛ Զեյթունցյանի Արքա-ներում, և՛ Չարենցի վերջին մատյանում, նաև այլ անուններ ու ստեղծագործություններ կարող ենք թվարկել: Բայց չունեցանք մեծ հաշվով ու ամբողջակն պետականաշեն գիր, մշակույթ, վարքագրություն, որ կրթեր դպրոցը, դառնար հոգեկերտվածք, մտածողություն ու հայացք և մեր մեջ մեզ դարձներ պետության քաղաքացի: Հողի վրա պետություն ունենալու համար՝ այն պետք է մտքում կառուցել: Գոնե հիմա փորձենք սկզբնավորել, եթե միտք ունենք դեռ ապրելու: Իսկ այսօր կորցնում ենք և չենք հասկանում, որովհետև չգիտենք, թե դա ինչ բան է:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան