Ներքին 4 տարի առաջ - 19:37 23-02-2022

Բացառիկ համարձակություն. ԲԴԽ-ն քիչ մնաց նախարարի անունն էլ տար

ԲԴԽ-ն այսօր անհասցե հայտարարություն է տարածել` խնդրելով այլևս իրենց վատ բառեր չասել: Գագիկ Ջհանգիրյանը նեղվել է, որ դատական իշխանության կամ երևի հենց իր հասցեին քննադատական խոսքեր են ասում պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավաբանական համայնքի ներկայացուցիչները:

«Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ պահանջում է պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից դատական իշխանության հասցեին անգամ քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ, հիմնվել միայն փաստերի վրա և զերծ մնալ վիրավորական բնույթի արտահայտություններից և դատավորներին պիտակավորելուց»,- խնդրելու փոխարեն պահանջում է Ջհանգիրյանի ղեկավարած կառույցը: Ու չի ասում` այդ որ մի պաշտոնյան է վիրավորական կամ քննադատական արտահայտություններ թույլ տվել դատական իշխանության հասցեին` նսեմացնելով դատավորների ու դատական համակարգի հեղինակությունը:

Բայց եկեք կռահենք` որն է ԲԴԽ-ի այս հայտարարության պատճառը: Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մյուս անդամները, փաստորեն, մի քանի օր մտածելուց հետո որոշել են արձագանքել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի այն դիմում-հայտարարությանը, որով նա կոչ էր անում ԲԴԽ-ին զսպել դատավորների հասցեին պարբերաբար նսեմացնող ու վիրավորական հայտարարություններ անող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

Եվ եթե նախապատմությանը ծանոթ մարդ չլինի, գլխի չի ընկնի` այդ ում է ուղղված ԲԴԽ-ի այս անհասցե հայտարարությանը: Ընդունենք, որ ԲԴԽ-ի ու անձամբ Գագիկ Ջհանգիրյանի կողմից անմարդկային ջանքեր են պահանջվել, որ կարողանան այնքան համարձակություն ցուցաբերել, որ թեկուզ անհասցե քննադատեն Նիկոլ Փաշինյանի նշանակած նախարարին:

Ալեքսանդր Ազարյանը, իհարկե, շատ բարդ դրության մեջ է դրել ԲԴԽ անդամներին, որոնք դարձել են գործադիր իշխանության ենթակա մարմին և իրենց ամեն մի քայլը, ըստ էության, համաձայնեցնում են գործադիրի հետ: Հիմա նրանք ստիպված են եղել արձագանքել, անգամ հակադարձել Կարեն Անդրեասյանին, որի արած հայտարարությունները մի կողմից անուղղակի ձևով հարվածում են նաև իրենց հեղինակությանը` որպես դատավոր, մյուս կողմից՝ նրանցից ոմանք գուցե ներքուստ համաձայն են Անդրեասյանի գնահատականների հետ, որ կան, դիցուք, կոռումպացված դատավորներ: ԲԴԽ որոշ անդամներ կամ հենց ինքը` ԲԴԽ նախագահը, գուցե հենց սեփական օրինակով էլ ընդունում են Անդրեասյանի գնահատականների ճշմարտացիությունը, ուստի իսկապես նրանց համար բարդ է հակադարձել այդպիսի ճշմարտությանը: Բայց ստիպված էին` ապահովելով դատական իշխանության ենթադրյալ անկախության շղարշը:
 

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ