Միտք 4 տարի առաջ - 17:06 17-02-2022

Սա է օբյեկտիվ պատճառը, մնացածը պատճառաբանություններ են. Հայաստանի ջրամբարների վիճակը

Հաշված օրերից օրացույցային գարուն է, մինչդեռ եղանակային կանխատեսումները և ջրամբարներում կուտակված ջրի քանակները լավատեսության հիմքեր չեն թողնում։ Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կողմից հրապարակվող ջրամբարների լցվածությանը վերաբերող ամենօրյա ամփոփագրի՝ ոլորտում շարունակվում է «կայուն ծանր» վիճակը։

Փետրվարի 16-ի դրությամբ՝ Հանրապետության ամենամեծ Ախուրյանի ջրամբարը (525 մլն խմ տարողության) լցվել է ընդամենը 120 մլն խմ-ով, որ կազմում է սրա տարողության 23%-ը։ 2021թ․-ի նույն օրվա դրությամբ այստեղ կուտակվել էր 153 մլն խմ ջուր (29%)։ Հիշեցնենք, որ այս ջրամբարում կուտակվող ջուրը հավասարապես կիսվում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև։ Հավելենք նաև, որ վերջին տասնամյակում Թուրքիան իր տարածքից դեպի Արաքս հոսող գետերի վրա կառուցել է հզոր ջրամբարներ (ավելի քան 1․5 մլրդ խմ) և գրեթե բացառվում է, որ Ախուրյանի ջրամբարը կարող է առաջիկայում իր տարողոթյունների գոնե 60-70%-ից ավել լցվել։ Եվ քանի որ եղածը կիսվում է, ապա այս հզոր ջրամբարի ՕԳԳ-ն մեզ համար խիստ նվազում է։

105 մլն խմ տարողությամբ Արփի լճում կուտակվել է ընդամենը 20 (19%) մլն խմ ջուր։ 2021թ․-ին կուտակվել էր 31մլն խմ (30%)։
91 մլն խմ տարողության Ապարանի ջրամբարում նույն պատկերն է, ինչ որ 2021թ․-ին։ Կուտակվել է 15․2 մլն խմ ջուր (17%)։
Այս պահի դրությամբ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 70 մլն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում, որտեղ կուտակվել է 28․2 մլն խմ (40%)։ Որը, սակայն 0․7 մլն խմ-ով (1%-ով) քիչ է 2021թ․-ին կուտակվածից։

Սրանցից էապես փոքր տարողությամբ Մարմարիկի ջրամբարում (24մլն խմ) կուտակվել է ընդամենը 2․28 մլն խմ (պակաս քան 10%) ջուր։ Դարձյալ պակաս քան 2021թ․-ին։ Արձանագրենք, որ այս պահի դրությամբ և ոչ մի ջրամբար գոնե կիսով չափ լցված չէ։ Հավելենք նաև, որ Սևանա լճի մակարդակը, անցած տարվա նույն օրվա համեմատությամբ, նվազել է 16սմ-ով։

Սկսած անցած տարեվերջին դիտարկումներից՝ պարզվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ վիճակը քիչ ավելի վատացել է ու այդպես կայուն պահպանվում է։ Իհարկե, բնությունն անկանխատեսելի է, բայց վերջին տարիների վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ ջրի կուտակման առումով անգամ գարնան հաշվով լավատեսություն դրսևորելը կլինի միամտություն։ Հետևաբար հանրապետությանը հերթական երաշտային տարին է սպասվում։ Եվ քանի որ բնությունը դրական առումով «կտրուկ շարժումներ» չի անում, այս իրավիճակում կառավարությունը հրատապ միջոցառումներ պետք է սկսի։ Մինչդեռ երրորդ տարին է, որ ձգձգվում է Վեդիի ջրամբարի շահագործումը։

Ու մինչ համապատասխան մարմինները ամենատարբեր «հիմնավորումներն» են ներկայացնում հետաձգման վերաբերյալ, գործին մոտիկ կանգնած մեր աղբյուրը արված հարցումին տվեց հստակ պատասխան․ «իսկ գիտե՞ք՝ քանի ընտանիք է ապրում այս ջրամբարի շինարարությամբ, քանի ընտանիք է աշխատավարձ ստանում, քանիսն են ցեմենտ տանում, դիզվառելիք, ավազ, այլ շինանյութ։ Տարածաշրջանի կեսը դրանով է ապրում։ Ինչ են անելու ջրամբարը շահագործման հանձնելուց հետո։ Սա է օբյեկտիվ պատճառը, մնացածը պատճառաբանություններ են»։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով