Ներքին 4 տարի առաջ - 11:13 16-02-2022

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը իրականացվելու է երկու փուլով

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը իրականացվելու է երկու փուլով։

Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագծի հիմնական դրույթները։

«Ըստ նախագծի՝ առաջին փուլում թեկնածուները կներկայացնեն հայտեր, ընդ որում նաև որոշակի լրացուցիչ պահանջներ են սահմանվել այն առումով, որ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, Քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև հանրային ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք։

Հայտերին կից պետք է թեկնածուները ներկայացնեն իրենց ամբողջական փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձը, նաև առաջարկվել է ներկայացնել որոշակի տեսլական 10-12 էջի սահմաններում, թե ինչ խնդիր են իրենք տեսնում Սահմանադրության մեջ և ինչ լուծում են առաջարկում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել նաև թեկնածուի մասնագիտական ունակությունները»,- ասաց Դադունցը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ առաջին փուլում քարտուղարության կողմից կազմվելու է տեխնիկական պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, որը ներկայացվելու է խորհրդին, որից հետո արդեն սկսվելու է մրցույթի երկրորդ փուլը, որն իրականացվելու է երկու ենթափուլով։

«Առաջին ենթափուլում գնահատվելու է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակային կողմը՝ աշխատանքային, մասնագիտական գործունեությունը, առաջարկված տեսլականը, նաև հստակ գնահատման չափանիշներ և միավորներ են սահմանվել, և թեկնածուները կարող են ստանալ առավելագույնը 100 միավոր։ Խորհուրդը գնահատելու է նրանց աշխատանքային փորձը, հեղինակած աշխատանքների քանակը, ճանաչվածությունը, գիտական հետաքրքրությունների ոլորտը և այլն։ Այնուհետև այս 100 միավորից 60 և ավելի միավոր ձեռք բերած թեկնածուները ներկայացվելու են խորհրդին, որպեսզի խորհուրդը արդեն բանավոր հարցազրույցի ենթափուլում լսի թեկնածուներին։ Այս հարցազրույցի բանավոր փուլի ընթացքում թեկնածուն հակիրճ կներկայացնի իր կենսագրությունը, անցած ճանապարհը, իր մոտեցումները հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև կներկայացնի Սահմանադրությանն առնչվող մեկ իրավական հարցի վերաբերյալ հակիրճ վերլուծություն և դիրքորոշում։ Դրանից հետո արդեն խորհուրդը հարցազրույցի արդյունքում կգնահատի թեկնածուներին կրկին 100 բալանոց համակարգով, որից 50-ը թեկնածուն կստանա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ մոտեցումների համար, իսկ մյուս 50 միավորը՝ Սահմանադրությանն առնչվով որևէ իրավական հարցի վերաբերյալ իր վերլուծության և դիրքորոշման համար։ Այնուհետև, ըստ նախագծի, խորհրդի անդամները որոշելու են յուրաքանչյուր թեկնածուի գնահատականը, եթե նման որոշում չկայացվի, գնահատականը կորոշվի թեկնածուների ստացած գնահատականների միջինով։ Առավելագույն ձայներ ստացած մինչև հինգ թեկնածու կընդգրկվի խորհրդի որոշման նախագծում, որը պետք է ներկայացվի վարչապետին, քանի որ, ըստ խորհրդի կանոնակարգի, վարչապետն է հաստատում հանձնաժողովի անհատական կազմը»,- եզրափակեց Դադունցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան