Արտաքին 4 տարի առաջ - 17:58 07-02-2022

Անցկացնելու ենք ԱԱԽ համատեղ նիստեր. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ «Շուշիի հռչակագրով» Ադրբեջանի հետ նախատեսված համագործակցության մասին

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մանրամասներ է ներկայացրել «Շուշիի հռչակագրով» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում նախատեսված համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ներկայացվում են Քըրանի ելույթի առավել կարևոր հատվածները:

«Հստակեցվելու են դաշնակցային հարաբերությունների հիմնման քաղաքական և իրավական մեխանիզմները: Այս համատեքստում պարտավորվում ենք մեր անկախությանը, ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը որևէ սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի պահանջներին համապատասխան ձևով անհրաժեշտ օգնություն տրամադրել և համակարգել զինված ուժերը։

Շեշտում ենք համատեղ ջանքեր գործադրելու մեր վճռականությունը հակամարտությունների, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների հարցում: Ծրագրում ենք կանոնավոր կերպով անցկացնել ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր: Այստեղ խոսքը անվտանգության խորհուրդների համագործակցության մասին է, սակայն այս համագործակցության կերպը որոշող գործընթացը կարող է տարբեր ձևերով փոփոխվել՝ կախված գետնի վրա տեղի ունեցող զարգացումներից:

Պարտավորվում ենք զինված ուժերի վերափոխման ու արդիականացման գործում համատեղ ջանքեր գործադրել, խրախուսել պաշտպանական արդյունաբերության վարչությունների միջև համագործակցությունը, տեխնոլոգիաների փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը:

Ռազմական պարտավորությունների ամենակարևոր բաղադրիչներց մեկն էլ ականազերծումն է: Մինչև հիմա իրականացված համագործակցության արդյունքում Ղարաբաղում ականազերծվել է 132 ք/կմ տարածք, այս ուղղությամբ ջանքերը շարունակվելու են:

Ծրագրում ենք կիբերանվտանգության ոլորտում համատեղ գիտական ուսումնասիրություններ և մասնագետների պատրաստում:

Ի լրումն այս ընդգրկուն համագործակցության՝ առևտրի, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում նույնպես թիրախներ ենք դնում: Այս համատեքստում մեծացնելու ենք ջանքերը արտահանման դիվերսիֆիկացիայի, ապագային միտված ոլորտներում համատեղ արտադրություն կազմակերպելու և ներդրումների համար ավելի նպաստավոր մթնոլորտ ձևավորելու համար: Խելացի տեխնոլոգիաներից օգտվելով՝ զարգացնելու ենք մեր տարանցիկ տրանսպորտի ներուժը: Նախաձեռնություն ենք ցուցաբերելու նաև Զանգեզուրի միջանցքի բացումից հետո, որպես դրա շարունակություն, Նախիջևան-Կարս երկաթգծի շինարարության հարցում:

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմին ենք հանձնել Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ համալսարան հիմնելու վերաբերյալ համաձայնագրի մեր նախագիծը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով