Միտք 4 տարի առաջ - 10:47 05-02-2022

Դառնալու ենք թուրքական հյուրանոց, որտեղ աշխատելու ենք հավաքարար ու շվեցար

Հայաստանի իշխանությունը ոչ պաշտոնական, ոչ էլ փաստաթղթային ձևակերպումներով, սակայն իր բոլոր քայլերը՝ և՛ արտաքին, և՛ ներքին բովանդակությամբ, համաձայնեցնում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թելադրված քաղաքական կամքի հետ: Ինքնակամ կամ կամազրկորեն դարձել է այդ երկրների կամակատարը՝ ընդունելով թուրք-ադրբեջանական հպատակություն: Ալիևն ինչ բերանից թռցնում է, մենք տեղում կատարում ենք: Մոռացել ենք Արցախի մասին, բանակի տոնը չենք նշում, իսկ հաջորդ ցանկության կատարումը բանակ չունենալն է: Արագացնում ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան տարածքային կապի ապահովումը: Համակերպվել ենք Հայաստանի սահմաններից ներս ադբեջանական զինուժի տեղակայման հետ: Սև լճի համար չենք կռվելու, Գորիս-Կապան ճանապարհը շրջակա գյուղերով հայտարարել ենք Ադրբեջանի մաս: Եթե էլի առաջ գա, դարձյալ կհամակերպվենք:

Իսկ Թուրքիայի մտքին ինչ կա, այն էլ կատարում ենք լուռ ու մունջ, պետք չէ, որ բարձրաձայնի: Հարկ չկա նախապայմաններ կամ պայմաններ մեր առջև դրվեն, մենք թույլ չենք տալիս բանը հասնի դրան՝ նախապես հնազանդորեն ու ջանասիրաբար հարթեցնելով կնճիռները: Մեր իշխանությունը թուրք-ադրբեջանական ցանկությունները բավարարող կառույց է ընդամենը, որ երկիրը ուղղակի իմաստով տանում է թրքահպատակության՝ սահմաններ բացելու և հարաբերություններ ստեղծելու անվան տակ:

Թուրքիան ունի ազգային ծրագիր, թե ինչպես Հայաստանն իրենով անի, իսկ մենք չունենք Հայաստանը պահպանելու անգամ մոտիվ: Ադրբեջանի հավակնություններն ավելի ագրեսիվ են՝ ուղղակի Հայաստանը հայաթափել, իսկ մենք չունենք մեզ պաշտպանող որևէ մտայնություն:

Հայաստանը դառնալու է թուրքական հյուրանոց, որտեղ մենք աշխատելու ենք հավաքարար ու շվեցար: Սովետի 70 տարիները մեզ պահեցին, 30 տարի էլ այդ իներցիայով կարողացանք մեզ պահպանել: Իսկ հիմա մերկ ու անպաշտպան բացվել ենք Թուրքիային, փռվել առաջը: Այդ 100 տարվա ընթացքում Թուրքիան ավելի հմտացավ իր նպատակին հասնելու մեջ, թե ինչպես խելամտորեն վերջնականապես լուծի հայկական հարցը: Ադրբեջանը հաշվարկեց, թե ինչպես կարճ ու արդյունավետ հասնի նպատակին՝ երկու թուրքական պետությունների միջև հայկական տարածությունը չեզոքացնելով: Իսկ մենք ոչ դաս, ոչ էլ փորձ ձեռք բերեցինք, թե ինչպես ապրենք: Փոխարենը փորձառություն ունենք, թե ինչպես վերջնականապես տրվենք: Չենք դիմանալու, որովհետև չենք ուզում:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով