Ներքին 4 տարի առաջ - 22:14 10-01-2022

Ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։

Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։

Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարհանվել են։

Իրավապահների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Հրաձգային զինատեսակների գնդակների մնացորդներ են հայտնաբերվել նաև համայնքի բնակելի հատվածի կենտրոնական մասում գտնվող մեկ այլ տան բակում։

Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորուստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։

Այսօրվա միջադեպերը և նախորդ տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ նմանօրինակ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը։

Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան