Ներքին 4 տարի առաջ - 17:23 06-01-2022

Պետական դավաճանության համար երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել․ գործը դատարանում է

Պետական դավաճանության համար Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել։

«Իրավաբան.net»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն, Գարուն Բ.-ն՝ նախնական համաձայնության գալով Գագիկ Հ.-ի հետ, ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, 2018թ. ընթացքում կատարել են պետական դավաճանություն․ անցել են թշնամու կողմը, կատարել լրտեսություն, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնել, այլ օգնություն ցուցաբերել՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար:

Գարուն Բ․-ն նույնաբովանդակ արարքներ կատարել է նաև 2020թ. ընթացքում։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ հոդվածի համաձայն՝ պետական դավաճանությունը թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալն է, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում` 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Դատական գործը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին:

Դատական նիստ դեռ չի նշանակվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով