Ներքին 4 տարի առաջ - 09:26 23-11-2021

Էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնությունը նոր թափ է ստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնության շրջանակում նոր ծրագրերով հայկական արտադրությունն առավել ակտիվ կներկայացվի հանրության լայն շրջանակին: Ընթացիկ տարվա ամռանը մեկնարկած նախաձեռնությունը նոր թափ է ստանում: Իրազեկման ակտիվ գործընթացին զուգահեռ աշխատանք է տարվում խոշոր սուպերմարկետների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքները լինեն հատուկ ցուցանակներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ և ծրագրի համակարգող Գայանե Անտոնյանը։ Նա նաև նշել է, որ նպատակը խոշոր սուպերմարկետներում, խանութներում սպառողի համար հայկական արտադրանքն առավել տեսանելի ու հասանելի դարձնելն է:

«Այս ծրագրի շրջանակում շատերի հետ ենք առնչվել ու բազմաթիվ դեպքերում պարզ է դարձել, որ հայկական արտադրության մասին հասարակության շրջանում իրազեկման լուրջ խնդիր կա: Հայկական ապրանքների մասին ենք խոսում, որոնք շատերի համար զարմանալի են, առաջին անգամ են լսում, օրինակ, հայկական օծանելիքի արտադրությունը»,-ասել է Գայանե Անտոնյանը:

«Made in Armenia» նախաձեռնության հիմնական ուղերձն այն է, որ կարևորվի հայկական արտադրությանը նախապատվություն տալը՝ դրանով օգնելով տեղական արտադրողին ու երկրի տնտեսությանը: Madeinarmenia.online հարթակում բուն արտադրանքը ներկայացնելուց զատ, նախաձեռնության շրջանակում շեշտը դրվում է հաջողված պատմությունների վրա:

«Մի կողմից սպառողների լայն շրջանում փորձում ենք ներկայացնել հայկական արտադրանքը: Լայն հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ ենք արտադրում ինչ արտադրություն ունենք: Մյուս կողմից էլ սպառողն արտադրողին պետք է ճանաչի նաև դեմքով: Հաջողված պատմությունները ներկայացնելուց հետո, շատերն են մեզ դիմում, որ ներգրավվեն նախաձեռնությունում»,-նշել է Գայանե Անտոնյանը:

Իրազեկման արշավի շրջանակում շեշտը դրվում է ինչպես սննդային արտադրության այնպես էլ ծառայություններ, նորարարություններ և ցանկացած այլ արտադրության վրա: Թե տեղական, թե արտասահմանյան հաջողություններ գրանցած արտադրողների պակաս չկա: Շատերին հետաքրքրել է հայկական «խելացի տուն» ծառայությունը, երբ հայազգի ծրագրավորողների թիմը թողարկում է տնային էլեկտրական և ջեռուցման ցանցի կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս մինչև 40 տոկոս էներգիա խնայել: Ընկերությունն արդեն իր սարքերի 9 մոդել արտահանում է Եվրամիություն, ԵԱՏՄ, Սինգապուր և այլն: Հաջորդ օրինակը, երբ հայ երիտասարդները ստեղծել են առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս հմտանալ մեքենայական ուսուցման և ծրագրավորման ոլորտներում: Հետաքրքրական է նաև հայկական արտադրության առցանց հավելվածը՝ նախատեսված այգեգործների կամ տնային պայմաններում բույսեր աճեցնողների համար:

«Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա փորձում ենք դառնալ կամուրջ հայ արտադրողի և սպառողի միջև:Ակնկալում ենք, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածություն կլինի, ինչի արդյունքում կավելանան տեղական արտադրողների վաճառքի ծավալները»,-ասաց Գայանե Անտոնյանը:

Իրազեկման գործընթացներից զատ, հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել փառատոնների շարք հայ արտադրողների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»