Ներքին 5 տարի առաջ - 21:11 09-09-2021

«Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 21-ի «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

Կառավարության վերջին նիստում հայտարարվեց սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվող «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» մասին։

Անառարկելիորեն, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային, պետական տոնացույցի ամենաարժեքավոր օրերից է։ Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: Անցնող տարիները պետականաշինության, մեր հաղթանակներն ամրապնդելու ժամանակներ էին, և մեր հավաքական ճիգն ուղղված էր անցած ճանապարհն արժևորելու, մեր բացթողումները խմբագրելու և համազգային կամքով արժանապատիվ ապագա կառուցելու նպատակին։ Ավաղ, վերջին երեք տարիները և, հատկապես, 44-օրյա պատերազմը ոչ միայն խաթարեցին մեր պետականության ընթացքը, այլև անդառնալի մարդկային, ազգային-պետական կորուստների մատնեցին մեր հասարակությանը՝ երկիրը կանգնեցնելով անորոշ ապագայի առջև։

Այսօր հազարավոր զոհերի, խոցված ինքնիշխանության, անվտանգային լրջագույն մարտահրավերների, գերիների, համազգային չապաքինված ցավի մթնոլորտում «գունեղ տոնակատարության» մասին խոսելը կոռեկտ չէ: Այն անարգանք է մեր զոհերի հիշատակին և արդարացիորեն հարուցել է հերոս տղաների ծնողների, ընտանիքի անդամների և մեր հասարակության վրդովմունքը։

Մենք չենք հրաժարվում մեր անկախությունն արժևորելու խորհրդից, բայց դրա լավագույն դրսևորումը պիտի լիներ մեր պետականության ամրագրումը, պետական և ազգային ինստիտուտների նկատմամբ իշխանության նախաձեռնած հետևողական կազմաքանդման և նսեմացման արշավի դադարեցումը, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու սպառնալիքների իրական դիմագրավումը։

Համոզված ենք, որ Անկախության 30-ամյակի առիթով պետական հանձնաժողով ձևավորելու պայմաններում կարելի էր երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին համարժեք համեստությամբ արժևորել տոնը։

«Հայաստան» դաշինքը, միաժամանակ, հայտարարում, որ իր քաղաքական ողջ կարելիությունները ծառայեցնելու է մեր պետականության ամրապնդմանն ու ազգային շահերի սպասարկմանը։

09.09.2021թ.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան