Ներքին 5 տարի առաջ - 21:34 11-08-2021

ԱԺ խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի դրանից՝ անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։

Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։

Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս․թ․ օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

- հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,

- բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,

- միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,

- չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը»։


ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի