Ներքին 5 տարի առաջ - 17:41 31-07-2021

Արցախի Մաճկալաշեն գյուղում թռչնաֆաբրիկա կկառուցվի

Արցախի Մաճկալաշենում թռչնաֆաբրիկա կկառուցվի. ծրագրի արժեքը 271 միլիոն դրամ է: Գյուղի 50 ընտանիքներից յուրաքանչյուրին կտրվի 300 հավ։ Ծրագիրը իրագործվելու է Արցախի կառավարության ֆինասավորմամբ՝ «Նավասարդ Ագրո» ընկերության հետ միասին։ Ընկերությունը գյուղացիներին կաջակցի խորհրդատվությամբ, ձուն կգնի ու կհանի դրսի շուկա։ Առաջին խմբաքանակը կվաճառվի դեկտեմբերին։

Մի քանի օրից Արցախի Մաճկալաշեն գյուղում ակտիվ շինարարություն կսկսվի․ թռչնաֆաբրիկա են կառուցելու։ Ծրագիրն իրականացնում է Արցախի կառավարությունը՝ մասնավոր «Նավասարդ Ագրո» ընկերության հետ միասին։ Ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը «Ռադիոլուր»-ին պատմեց, որ պատերազմից առաջ պատրաստվում էին այս ծրագիրն իրականացնել Արցախի այլ բնակավայրերում։ Պատերազմից հետո որոշեցին ներդրում անել սահմանամերձ դարձած Մաճկալաշենում․

«Ավելի վաղ մշակված ծրագիր էր։ Որոշել էինք սեպտեմբերին ներկայացնել Արցախի կառավարությանը։ Այն ժամանակ մտածում էինք ծրագիրն իրականացնել դեպի Հադրութ գնացող հատվածում ու Քարվաճառում։ Քարվաճառում շատ էինք ուզում, քանի որ Գեղարքունիքի մարզին ավելի մոտ էր, իսկ «Նավասարդ Ագրո» ընկերությունը գործում է Գեղարքունիքում։ Պատերազմից հետո, երբ Արցախը կոտրված է, թևաթափ, մեկ օր անգամ չպետք է հետաձգել գաղափարը։ Պետք է այն կյանքի կոչել այսօրվա Արցախում, հենց սահմանապահ գյուղը պահելու համար»,–ասում է Արմինե Մելքոնյանը։

Ավանդական թռչնաբուծությունը իրականացվելու է արդի տեխնոլոգիաներով։ Ներդրվող մոդելի հեղինակը «Նավասարդ Ագրո» ընկերությունն է։

Ծրագրի արժեքը 271 մլն դրամ ։Թռչնաբուծարանի շինարարությունը կտևի երեք ամիս։ Ընկերությունը գյուղացիներին կաջակցի խորհրդատվությամբ, ձուն կգնի ու կիրացնի դրսի շուկաներում։ Որպեսզի ձուն ունենա նույն համային հատկանիշները, կերը պետք է գնեն հենց ընկերությունից, շուկայականից անհամեմատ ցածր գնով։ Արմինե Մելքոնյան․

«Գյուղացուն անվերադարձ տրվում է 300 հավ։ Ամենածախսատարը ժամանակային առումով հավիկների տակը մաքրելն։ Այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա։ Ուղիղ 3 տարի հավերի տակը չի մաքրվում, քանի որ հատուկ խոտածածկույթի մեջ խառնվում է բակտերիա, որը երեք տարի աշխատում է»,–ասում է Արմինե Մելքոնյանը։

Մաճկալաշենում արտադրվող ձուն դուրս կբերվի շուկա դեկտեմբերին։ «Նավասարդ Ագրո»-ի գործադիր տնօրենը նշում է՝ սպառողը կտեղեկացվի, որ ձուն արտադրվել է Արցախում։ «Մենք գերնպատակ ունենք՝ դրսում ցույց տալ, որ Արցախը կա, արցախցուն էլ, որ հայությունն իր կողքին է»-ասում է Արմինե Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում