Ներքին 5 տարի առաջ - 10:31 26-07-2021

Տավուշ ամրոցի տարածքում հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ

Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները:

Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները: Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում: Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:

«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,- տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: «Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ․): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը: Նշենք, որ Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան