Ներքին 5 տարի առաջ - 11:13 23-07-2021

ԼՂ մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ենթարկվել. Արմեն Գրիգորյանը՝ ՄԱԿ-ում

Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում նշել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի:

Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով