Ներքին 5 տարի առաջ - 15:30 12-07-2021

Հնարավոր է, որ մի օր իմ հետևից էլ գան. Շուռնուխի գյուղապետը Սյունիքի ձերբակալությունների մասին

Հուլիսի ընթացքում Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի համայնքապետեր ձերբակալվեցին: Մասնավորապես, հուլիսի 9-ին ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Որոտան գյուղի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը, համայնքը Գորիսի կազմում է: Ըստ դատախազության՝ այս ընտրություններից առաջ Որոտանի վարչական ղեկավարը գյուղում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպում է կազմակերպել և առաջարկել մարդկանց՝ դիմումներ գրել սոցիալական աջակցություն ստանալու համար, հավաստիացրել, որ դիմումները բավարարվելու են։ Արդյունքում հունիսի սկզբին 31 որոտանցիներ տարբեր չափի գումարներ են ստացել: Ըստ դատախազության՝ նրանց մեծ մասը համայնքապետ Օհանջանյանի հարազատներն են:

Օրեր առաջ նույն մեղադրանքով կալանքի տակ է հայտնվել նաև Գորիսի խոշորացված համայնքի մեկ այլ գյուղի՝ Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը: Նա նույնպես մեղադրվում է սոցիալական աջակցության դիմաց քարոզարշավներին մասնակցելու ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկելու հարկադրանքի համար: Գորիսի քաղաքապետը այս գործով դեռ վկա է:

Թեմայի վերաբերյալ Օրագիր.news-ը զրուցել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, որն ասաց, որ իրականում մեկնաբանելու բան էլ չկա. ձերբակալել են՝ բաց կթողնեն:

«Լուսինեն տղամարդ աղջիկ է, նա կհաղթահարի բոլոր դժվարություները և դուրս կգա: Սուրենն էլ իմ մարտական ընկերն է, նրա համար ընդհանրապես խնդիր չկա: Սուրենին, որ թուրքերն էլ վերցրած լինեին, մեկ է դիմակայելու էր և պատվով դուրս գար»,- ասում է Արշակյանը և ընդգծում, որ իհարկե հնարավոր է, որ մի օր իր հետևից էլ գան:

Իսկ այն հարցին, թե արդյոք գյուղապետը սա համարում է քաղաքական հետապնդում, Արշակյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ այդպես չէ: Հասկանալի է, որ իրար հետևից մարդկանց տանում են նույն մեղադրանքով, ուրեմն դրա տակ մի բան թաքցրած է: Ես կասկածում եմ, որ խելքը գլխին մարդը, այս քաղաքական կրիտիկական վիճակում կաշառք կբաժանի: Ես անձամբ նման քայլի չէի դիմի, ներկա իշխանություն կլինի, թե նախկին: Ոչ արել եմ, ոչ էլ կանեմ: Նրանք նույնպես: Ես հավատում եմ, որ իմ ընկերներն այնքան գիտակից են, որ նման բան չէին անի»:

Նշենք, որ այս պահին Սյունքիում առանց համայնքի ղեկավարի են մնացել Քաջարանը, Որոտանը, Քարահունջն ու Մեղրին: Վերջինս քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ է հեռացել, սակայն կամավոր սկզբունքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի