Ներքին 5 տարի առաջ - 18:04 27-05-2021

ՀՀ նախագահը ստորագրել է ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու հայտարարություն տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, միաժամանակ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և հարակից օրենքներն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի մայիսի 12-ին:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) էական փոփոխությունների գործընթացը:

Այդպիսի փոփոխությունների իրականացումը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքների համաձայն, պետք է իրականացվի միայն քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրության կողմից լայն հանրային քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով:

Փոխարենը օրենսդրի կողմից որդեգրվել է փոփոխությունների այլ ճանապարհ, որի արդյունքում վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին տարբեր օրենքներ` հատվածական և հաճախ վիճելի կարգավորումներով: 2021 թվականի մայիսի 12-ին Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) իրացված են առավելապես ընտրական գործընթացի կազմակերպման փուլի կարգավորմանն ուղղված հիմնականում ընթացակարգային բնույթի հատվածական փոփոխություններ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացված Օրենքի վերլուծության արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ սահմանադրականության տեսանկյունից և հաշվի առնելով Օրենքի ուժի մեջ մտնելու սահմանված ողջամիտ ժամկետը, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը:

Միևնույն ժամանակ, այս համատեքստում Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ ընդգծել Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապարփակ և համակարգային վերանայման անհրաժեշտությունը, մասնավորապես նպատակ ունենալով հնարավորինս լայն և համակողմանի քննարկումների հիման վրա լուծել երկու կարևորագույն խնդիր.

1. ներդնել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի ընտրողների Ազգային ժողովում ավելի անմիջական ներկայացվածություն ապահովող ընտրակարգ և Ազգային ժողովի պատգամավորների՝ իրենց ընտրողների առջև հաշվետվողականության արդյունավետ և գործուն կառուցակարգ,

2. երաշխավորել, որպեսզի ընտրությունների ձայների ամփոփման արդյունքում ընտրողների կամարտահայտությունն Ազգային ժողովում արտացոլված լինի ճշգրիտ կերպով, մասնավորապես, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն ունենա Ազգային ժողովում ճիշտ այնքան մանդատ որքան մանդատ տվյալ կուսակցությանը վստահել է ընտրողն ընտրությունների արդյունքներով:

Հանրապետության նախագահը կրկին ընդգծում է, որ առանց համակարգային լուծումների Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերը չեն կարող լինել արդյունավետ և տալ ակնկալվող արդյունք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում