Ներքին 5 տարի առաջ - 21:46 25-05-2021

Մայքլ Շուլմանն ավարտեց իր գործունեությունը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Մայքլ Շուլմանի գործունեության ավարտի կապակցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թայիրյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աշխատակիցները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որում ասված է.

«Ողջունելով հյուրերին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեին՝ տարիների ընթացքում ցուցաբերված օգնության և օժանդակության համար: Կարևորելով երկարամյա համագործակցությունը՝ Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են և նպաստում են Քննչական կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև՝ աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեին նվիրաբերվել է թվով 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 ցանցային սարք և ծրագրային լիցենզիաներ, ինչպես նաև՝ այլ սարքավորումներ, որոնց շնորհիվ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական գործերը թվայնացվում են, այսինքն՝ ստեղծվում են էլեկտրոնային արխիվ և էլեկտրոնային գրադարան, քննիչների համար կազմակերպվել են դասընթացներ, վերապատրաստումներ, քննարկումներ:

Շնորհիվ տրամադրված տեխնիկայի՝ Քննչական կոմիտեն այսօր ունի համակարգչատեխնիկական լաբորատորիա, որը նպաստում է քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը:

Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրերի պատասխանատուների գործուն աջակցությամբ պայմանագիր է կնքվել ՀՀ քննչական կոմիտեի և Կորած և թրաֆիքինգի ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնի միջև, ներդրվել տեղեկատվության փոխանակման թեժ գիծ:

«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ հատկապես Ձեզ թույլ տվեք անձամբ իմ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար, մաղթել հաջողություն և նոր ձեռքբերումներ»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Մայքլ Շուլմանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ Քննչական կոմիտեն գերատեսչություններից լավագույնն է, որն իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթավորման աշխատանքները:

«Սա իսկական համագործակցություն է, ես մեծ գոհունակությամբ աշխատեցի վերջին երեք տարիների ընթացքում, և այս շփումներից շահեց գործը»,- հավելել է Շուլմանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ