Ներքին 5 տարի առաջ - 13:03 24-05-2021

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:

Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը:

Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով:

«Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը:

Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը:

Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել:

Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»