Ներքին 5 տարի առաջ - 15:38 07-05-2021

Հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։

Կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը տնտեսության զարգացման գործում՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։

Նա այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ․ «Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը։

Նա նշել է,որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին։ Հատուկ օժտված և տաղանդավոր երեխաները Հայաստանից և սփյուռքից այստեղ ստանում են լիարժեք և որակյալ կրթություն ճեմարանի հեղինակային ծրագրով, որը մշակել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

2010 թվականին ճեմարանը, տարածաշրջանում առաջինը, դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ («Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրում 182 նորարարական դպրոցների համաշխարհային ցանց է):

Ճեմարանի 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան